ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ճշմարիտ գործ` մեր ոտքերն արդարության ճամփեքով տանելու համար»

«Ճշմարիտ գործ` մեր ոտքերն արդարության ճամփեքով տանելու համար»
30.09.2008 | 00:00

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔՅԱՆ ԲԼԻՑՆԵՐ
2001թ. Մյուռոնօրհնեքի արարողությունը դեռ բոլորիս մեջ էր` հազար պատճառով. քրիստոնեության 1700-ամյակն էր, բացվում էր Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարը, որի գմբեթի ներքո մեկտեղվել էր աշխարհի հոգևոր կերպը, Հռոմի պապն էր այստեղ, Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդը, ընդ որում, երկար տարաձայնություններից հետո առաջին անգամ էին նրանք այդպես` կողք կողքի աղոթք բարձրացնում առ երկնավոր` հայցելով աշխարհին խաղաղություն:
Եվ այնուհանդերձ, այս Մյուռոնօրհնեքն իր զորությամբ ամենևին չէր զիջում 2001-ի հոգևոր զորություններին. Մովսեսի օրհնած յուղը, որը խաչելությունից առաջ օծել էր Փրկչին, Թադևոս առաքյալի ձեռքով հասել էր մեր Լուսավորչին, որն էլ Արածանիի ջրերում օծել էր հայոց արքունիքն ու ժողովրդին, ու նույն պահին Արածանիի ջրերի վրա լույսը` խաչի կերպարանք առել ու կախվել էր մկրտվողների ու հայոց վրա՝ ամեն անգամ մյուռոնը «շարժելիս» նույն տեսիլքով հայոց տունը ողողելու համար:
Այս կիրակի կրկին Մյուռոնի լուսե ամպը կախվեց Հայաստանի վրա: 12 սրբազանները, որ ձեռքներին, հանց նորածին երեխայի բարուր, պահում էին հայոց հողի զորությունները` Փրկչական խաչի մասունքը, Փրկչի կողը խոցած գեղարդը, Լուսավորչի սրբազան աջը, հին մյուռոնը, 40 ծաղկանց թուրմը, մեկ-մեկ առաջ գալով երկնին ու Հայաստանին էին պարզում այդքան զորությունները, որ ընկղմվում էին ձիթենյաց յուղի մեջ` դառնալու հիվանդաց բժշկություն, մտքի համար` լույս, աչքի համար` տեսողություն, լսելյաց` «ախորժություն», ձեռների համար` ճշմարիտ գործ` մեր ոտքերն արդարության ճամփեքով տանելու համար:
«ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ վարչապետ)
-Պարոն Սարգսյան, ո՞րերորդ Մյուռոնօրհնեքին եք մասնակցում:
-Ինչքան ինձ հիշում եմ` մասնակցում եմ:
-Ի՞նչն է այս ամենում Ձեզ համար ամենակարևորը:
-Հոգևորը։ Այն, ինչ թափանցում է մեր էության մեջ մյուռոնի անտեսանելի զորության միջոցով:
-Բայց, միևնույն է, այս հոգևոր արարողությանը, որպես ազգ, առանձին-առանձին ենք մասնակցում. չկան առաջին նախագահը, երկրորդն էլ... արդեն հազար տարի մեզանում խախտված է այդ դաշնությունը:
-Ներդաշնությունը նախ և առաջ պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ. արտաքին մակերևույթում չէ այն, այլ ներքին, ինչպես հոգևոր ամեն բան: Դա է միակ ճանապարհը, որի կիրառման դեպքում մեզ կշրջապատեն մարդիկ, ովքեր ներդաշնակ են իրենք իրենց ու նախ և առաջ` քրիստոնեական արժեքների հետ:
-Իսկ հայ մարդու ներքին էութաբանության փոփոխություն տեսնո՞ւմ եք` մյուռոնօրհնեքից մյուռոնօրհնեք ընկած ճամփին` հավաքական հավատքի առումով:
-Ես կարող եմ միայն իմ ընկալումների մասին ասել. կարծում եմ` ժողովրդի վերաբերմունքն առ Աստված և առ առաքելական եկեղեցի փոփոխվում է` առավել խոր ընկալումների, ներքնաշերտերի առումով, ինչն էլ բնական է, որովհետև երբ մարդկանց մոտ լուծվում են կենցաղային խնդիրները, մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում հոգևոր արժեքներին:
-Էդ ի՜նչ եք ասում. համատիեզերական ողջ փիլիսոփայությունը, ինքն` Աստվածաշունչը, և վերջապես մեր սրբերը, որ հասել են Աստծու հետ ներդաշնության, բացառապես ինքնահրաժարումի ճանապարհով էին բացում երկնից դռները:
-Դա հենց այն բացառությունն է, որն ապացուցում է օրինաչափությունը. ոչ բոլորն են արժանանում սուրբ լինելու պատվին:
-Հոգևոր կյանքը ոսկե կանոն ունի. ինքն իր հետ տևական ժամանակ մենակ մնալ, որպես աշխարհից ունայնանալու միջոց: Դուք, որպես հայոց եկեղեցու անդամ, ունե՞ք այդ ժամանակը, այլապես աշխարհիկ ջրերը կգա~ն և կողողեն Ձեզ: Մի խոսքով, կարողանո՞ւմ եք բալանսը պահել:
-Փորձում եմ. ինչքանով է ստացվում, չեմ կարող ասել, բայց փորձում եմ:
-Կորուստները մե՞ծ են:
-Չգիտեմ:
-Որքա՞ն հաճախ եք հաղորդություն առնում եկեղեցում։ Տևական ժամանակ Սուրբ Սարգսում էիք։ Շարունակո՞ւմ եք նույն ժամանակացույցով. քիչ ենք տեսնում այլևս Ձեզ:
-Չէ, շարունակում եմ. ավանդույթները նույնն են մնացել. երևի գիտեք` ես նաև Արարատյան թեմի ատենապետն եմ և Սուրբ Սարգսի հետ կապված եմ բոլոր առումներով:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԺԱՆՐԸ ՉԷ, ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»
ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ (բարերար)

-Պարոն Մանուկյան, քանի՞ անգամ եք մասնակցել Մյուռոնօրհնեքի արարողության:
-Սա արդեն թվով երրորդն էր:
-Զգացողությունները նո՞ւյնն են, թե՞ տարբեր:
-Նույն զգացումն է` հայրենիքում, սուրբ մյուռոնի օրհնանքի մեջ:
-Ինչպե՞ս գտաք հայրենիքն այս անգամ:
-Բարելավում տեսա:
-Նյութակա՞ն, թե՞ հոգևոր:
-Պիտի ասել` երկու ոլորտներում էլ լուրջ տեղաշարժեր կան: Բայց և կցանկանամ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա, այն դեռ բավարար չէ:
-Քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եք:
-Բացարձակապես` ոչ:
-Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հանդիպո՞ւմ եք:
-Չէ` քաղաքականությունն իմ ժանրը չէ, միայն հայրենիքի բարելավումն է ինձ համար մեծ խնդիր:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4708

Մեկնաբանություններ